Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Անձին բերման ենթարկելը

Անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց է անձին բերման ենթարկելու ինստիտուտը։

Բերման կարող են ենթարկվել (հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել) կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, վկան և տուժողը նրանց նկատմամբ համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, եթե նրանք առանց հարգելի պատճառի չեն ներկայանում քննության։ Այս գործընթացը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ:

Ցավոք, անձանց իրավունքները հաճախ ոտնահարվում են քրեադատավարական հենց այս գործողությունն իրականացնելիս։ Քիչ չեն եղել դեպքեր, երբ խախտումները վերաբերել են անձին ազատությունից զրկելու պատճառների մասին անհապաղ չտեղեկացնելուն, փաստաբանի մուտքը ոստիկանական շենք չթույլատրելուն և այլն։ Սակայն առավել խնդրահարույց են այն խախտումները, որոնք կապված են անձանց արժանապատվությունը ոտնահարելու հետ։ Միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Այս դրույթը ամրագրված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր որոշումներից մեկում կոնվենցիայի նշված հոդվածի խախտում է համարել նաև անձանց տեղափոխման համար բավարար պայմաններ չապահովելը, այդ թվում՝ տեղափոխող մեքենայի առաստաղի ցածր լինելը, սանիտարական անբավարար պայմանները, սանհանգույցից և նույնիսկ խմելու ջրից օգտվելու սահմանափակումները։ Հետևաբար տվյալ արարքները խախտում են անձի իրավունքները, իսկ անձը կարող է իր իրավունքների պաշտպանությունը իրականացնել դատական կարգով՝ ընդհուպ մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելով։

Անձնական իրավաբանը Ձեր կողքին է՝ իրազեկելու Ձեր իրավունքների մասին և օգնելու պաշտպանել դրանք շաբաթը 7 օր, օրը 24 ժամ։

Գնալ հետ