Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Վերջին ժամանակաշրջանում աննախադեպ աճել են ավտոպատահարները: Այսպիսի իրավիճակում շատ հաճախ նույնիսկ ամենափորձառու վարորդները խուճապի են մատնվում և չեն կողմնորոշվում, թե ինչ է պետք անել, հատկապես երբ վթարի արդյունքում վնաս է պատճառվել նաև մարդու առողջությանը կամ այն ավարտվել է մահվան ելքով:

Հարգելի՛ վարորդներ, առաջին հերթին ոչ ուշ, քան քսան րոպե հետո անհրաժեշտ է կապ հաստատել ձեր ԱՊՊԱ ընկերության հետ և տեղյակ պահել վթարի մասին՝ հետագայում հատուցում ստանալու կամ հատուցման հետգանձման խնդիրներից խուսափելու համար:

Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ կարգավորումներ են գործում պատճառված վնասի դեպքում։ Եթե պատճառված վնասը չի գերազանցում հարյուր հազար դրամը, ապա երկու կողմերի համաձայնությամբ այդ թվում նաև մեղավորության վերաբերյալ վեճի բացակայության պայմաններում կարող եք պարզապես լրացնել ԱՊՊԱ կայքում հրապարակված համապատասխան փաստաթուղթը սահմանված կարգով և մի մոռացեք նկարել դեպքի վայրն ու տրասնպորտային միջոցների վնասվածքները:

Եթե տվյալ պատահարի հետ կապված հարուցվել է քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ, ապա անձի մեղավորությունը, ինչպես նաև ավտոմեքենային պատճառված վնասի չափը որոշվում և գնահատվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Եթե հարուցված չէ քաղաքացիական, քրեական, դատական կարգով վարչական գործ, ապա ապահովագրական ընկերությունը, ստանալով Ձեր ապահովագրական հատուցում ստանալու համար դիմումը, ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ընդունել փորձաքննություն նշանակելու մասին որոշում։ Փորձաքննության անցկացումը չպետք է տևի 15 աշխատանքային օրվանից ավելի, իսկ դրանց ավարտիցհետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը գրավոր ծանուցում է փորձաքննության արդյունքների մասին։ Եթե բացակայում է լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ, ապա ապահովագրական ընկերությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ հատուցման վճարումը մերժելու մասին։

Կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ վնասը պատճառել են մի քանի անձինք և հնարավոր չէ հստակ պարզել նրանցից յուրաքանչյուրի պատճառած վնասի չափը: Տվյալ դեպքում այդ անձինք (նրանց` ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությունները) տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն, այսինքն՝ տուժողն իրավունք ունի ինչպես բոլոր անձանցից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ դրա մի մասով:

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ եթե նույն արարքն անզգուշությամբ առաջացրել է անձի կամ անձանց մահ, ապա վարորդը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։

Շատ հաճախ վարորդները խուճապի են մատնվում և թողնում են ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, ինչի արդյունքում էլ բախվում են մի շարք անցանկալի հետևանքների։ Մասնավորապես, անհրաժեշտ է իմանալ, որ տվյալ արարքը հետագայում նույնպես կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման։

Այսպիսով, վարե՛ք զգույշ և ուշադիր, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարի ենթարկվելիս մի՛ մատնվեք խուճապի և ձեռնարկե՛ք բոլոր անհրաժեշտ քայլերը։

Գնալ հետ