Աշխատանքային հարաբերությունների դադարեցում

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները կարող են դադարել տարբեր հիմքերով։ Իրավական տեսանկյունից կարևոր է հասկանալ, որ աշխատանքային հարաբերությունները խզելիս պետք է պահպանվեն օրենսդրական նորմերը, որպեսզի առավելագույնս պաշտպանված լինեն կողմերի իրավունքները։

Պրակտիկայում ընդունված է աշխատանքային հարաբերությունների դադարեցումը կողմերի համաձայնությամբ։ Այս պարագայում, ըստ օրենքի՝ մի կողմը գրություն է ներկայացնում մյուս կողմին, որով առաջարկում է լուծել աշխատանքային պայմանագիրը: Եթե մյուս կողմը համաձայնվում է, ապա 7 օրվա ընթացքում նա պետք է իր համաձայնության մասին ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին, որից հետո կկնքվի գրավոր համաձայնագիր:

Սակայն, երբ աշխատողը ինքն է նախաձեռնում ազատվել աշխատանքից, միշտ չէ, որ պահպանվում է օրենսդրական կարգը, ինչն ուղղակիորեն կարող է խախտել գործատուի իրավունքները։ Այսպիսով՝ աշխատանքից ազատվելու մտադրության դեպքում կարևոր է իմանալ և պահպանել օրենսդրական կարգավորումները։ Մասնավորապես՝ նախքան պայմանագրի գործողության ժամկետի լրանալը աշխատողն իր աշխատանքից ազատման ցանկության մասին առնվազն 30 օր առաջ գրավոր ձևով պետք է ծանուցի գործատուին, այնուհետև, ծանուցման ժամկետը լրանալուց հետո, աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ։

Օրենքով սահմանված հատուկ դեպքերում, մասնավորապես կատարած աշխատանքին խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման, կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառների,գործատուի իր աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը խախտելու և օրենքով սահմանված այլ դեպքերում, աշխատողն իրավունք ունի աշխատանքից ազատվելու մասին գրավոր դիմումը ներկայացնել առնվազն 5 օր առաջ՝ ծանուցելով գործատուին։

Եթե աշխատողը մտափոխվում է և ցանկանում է դադարեցնել աշխատանքի ազատման գործընթացը, օրենքը նրան հնարավորություն է տալիս դիմումը ներկայացվելու օրվանից հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ետ վերցնել դիմումը, իսկ այս ժամկետը բաց թողնելու դեպքում դիմումը կարող է ետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:

Գնալ հետ