Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Հղի կամ մանկահասակ երեխա ունեցող կանանց իրավունքները

Շնորհավորում ենք, դուք մայրիկ եք դառնալու: Սպասված լուրը լսելուց հետո անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ իրավունքներ և հնարավորություններ եք ձեռք բերում հղիության և երեխային խնամելու շրջանում: Այս հոդվածը ուղեցույց է հղի կանանց համար. այն մանրամասնորեն պարզաբանում է նրանց իրավունքները:

Անդրադառնանք դրանց կետ առ կետ:

1. Աշխատանքից ազատելու արգելքը

Արգելվում է աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ հղի կանանց հետ` հղիության մասին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:

2. Ոչ լրիվ աշխատաժամանակը

Հղի կինը կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը իրավունք ունի պահանջել իր համար սահմանել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ: Ոչ լրիվ աշխատաժամանակի տևողությունը և դրա հատկացման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ և կարող են ներառվել աշխատանքային պայմանագրում:

3. Որոշակի արտոնություններ

Հղի կանանց և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողներին հնարավոր է ներգրավվել արտաժամյա աշխատանքի, գիշերային ժամերին աշխատանքի, հերթապահության, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի, ուղարկել գործուղման միայն իրենց համաձայնությամբ:

4. Հղիության և ծննդաբերության արձակուրդը

ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է հղիության և ծննդաբերության արձակուրդ՝ նշելով հետևյալ ժամկետները.

1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).

2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.

3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործած օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

5. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը

Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր, հոր կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը:

6. Մայրության պաշտպանությունը

Եթե հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը:

Երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Երեխային կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով:

Խոսենք նաև նպաստների մասին: Դրանք երկու խմբի կարող ենք բաժանել: Նպաստ, որ վճարվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի (արձակուրդի իրավունք ունենալու) ժամանակահատվածում /մայրության նպաստ/ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ:

1. Մայրության նպաստի իրավունք ունեցող անձինք

1) աշխատող կանայք

2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները /ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք/

3) չաշխատող կանայք

ա. Վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար: Վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձից (եկամտից): Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը:

բ. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և ծննդօգնության պետական հավաստագիրը: Չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափի հիսուն տոկոսը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) և բազմապատկվում 140-ով (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):

2. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18000 դրամ է:

Գնալ հետ