Օրինական ուժ ստացած դատական ակտի վերանայումը

Թյուր է այն կարծիքը, երբ անձը, հատելով բոլոր երեք դատական ատյանները, կարծում է, որ այլևս հնարավոր չէ հասնել արդարության և վճռաբեկ դատարանի դատական ակտն այլևս ենթակա չէ բողոքարկման:

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դեպքեր, երբ օրինական ուժ ստացած դատական ակտը կարող է վերանայվել: Դատական ակտի բողոքարկման հիմքերն են` նոր երևան եկած կամ նոր հանգամանքը: Օրինակ, նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն: Այդ հիմքով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին: Այսինքն, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել գործի լուծման պահին և ունեն էական նշանակություն գործի լուծման համար, ապա Դատարանը կայացնում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում: Այնուհետև Դատարանը օրենսգրքով նախատեսված վերոնշայլ և այլ հիմքերի առկայությամբ բեկանում է վերանայվող դատական ակտը և ուղարկում համապատասխան դատարան նոր քննության, եթե չկա այն փոփոխելու հնարավորություն: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

Գնալ հետ