Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Հասարակական կարգի խախտման հետևանքները

Հասարակական կարգը խախտելը, հասարակական վայրերում վիճաբանելը, ծեծկռտուքը, հայհոյանքներ տալը, վիրավորանքներ հնչեցնելը կամ նմանատիպ վարքագիծը կարող են հիմք հանդիսանալ քրեական, վարչական, քաղաքացիական պատասխանատվության ենթարկվելու համար։ Մասնավորապես, անհրաժեշտ է տարանջատել, թե ինչպիսի վարքագիծը ինչ անցանկալի հետևանքների կարող է հանգեցնել։

Քրեական օրենսդրությամբ սահմանված է խուլիգանության հանցակազմը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ Սակայն արդյո՞ք հասարակական վայրում հայհոյանքներ տալը կամ ցանկացած բնույթի վիճաբանությունը կարող է հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթարկվելու համար։

Հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք կարող է դրսևորվել հասարակական վայրերում վարքագծի կանոնները ցուցադրական կերպով անտեսելու, շրջապատի մարդկանց հակադրվելու և այլ ձևով, ինչպես նաև տարբեր եղանակներով ՝ արարքների, խոսքի, ժեստերի միջոցներով։ Վերոգրյալից կարող ենք եզրակացնել, որ արարքըխուլիգանություն որակելու համար այն պետք է կատարվի հասարակական վայրում կամ հասարակության անդամների ներկայությամբ, դիտավորությամբ պատճառի նրանց լուրջ անհանգստություն։Սակայն ոչ բոլոր դեպքերում է արտաքնապես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ընկալվող ծեծկռտուքը, վիճաբանությունը կամ այլ արարքը որակվում որպես խուլիգանություն։ Մասնավորապես, եթե արարքը (հայհոյանքներ տալը, սպառնալիքները, այլ գործողությունները) ուղղված է կոնկրետ անձի դեմ, պայմանավորված է նրա հակաբարոյական կամ հակաօրինական վարքագծով, հանդիսանում է արարքը կատարողի հուզական վիճակի արդյունք, ապաչի որակվի որպես խուլիգանություն, եթե անգամ անձը հասկացել է, որ այն տեսանելի և ընկալելի է հասարակության համար:

Եկեք հասկանանք, թե ինչ կարգավորումներ են գործում անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին վիրավորանքի կամ զրպարտության միջոցով պատճառված վնասի դեպքում։

Քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված են վիրավորանքի և զրպարտության հասկացությունները, մասնավորապես՝ վիրավորանքը խոսքի, ձայնի, նշանի կամ այլ միջոցներով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է, որը հիմնված չէ ստույգ փաստերի վրա, իսկ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։ Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել, որպեսզի իրենից հրապարակային ներողություն խնդրեն, վճարեն փոխհատուցում, եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը, իսկ զրպարտության դեպքում՝ վճարել փոխհատուցում կամ եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

Վարչական պատասխանատվություն է սահմանված հասարակական կարգի մի շարք խախտումների համար, մասնավորապես՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու, ծխելն արգելող կանոնները խախտելու, հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելու կամ ոչ սթափ վիճակում հայտնվելու, հրազենից բնակավայրերում կամ դրա համար չհատկացված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով կրակելու, լռությունը խախտելու համար։

Այսպիսով, եղե՛ք իրազեկված, թե ինչ պատասխանատվության կարող եք ենթարկվել հասարակական կարգը խախտելու, հասարակական վայրերում ծեծկռտուքների, վիճաբանությունների, վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու համար։

Գնալ հետ