Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

​Գույքահարկ

Յուրաքանչյուր ոք, ում սեփականության իրավունքով պատկանում է որևիցե շարժական կամ անշարժ գույք, առնչվել է գույքահարկի վճարմանը: Եկեք հասկանանք, թե ինչ հարկատեսակ է գույքահարկը, ովքեր և երբ պետք է այն վճարեն:

Ի՞նչ է գույքահարկը և ովքեր են այն վճարում։

Գույքահարկը համապատասխան բյուջե վճարվող ուղղակի հարկի տեսակ է, որը վճարվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հարկվող օբյեկտ հանդիսացող գույքի համար։ Այն կախված չէ անձի տնտեսական գործունեության արդյունքներից։ Գույքահարկ վճարում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք ՝ ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ում պատկանում է հարկվող գույքը, ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները։ Հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ հարկվող օբյեկտը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի անձանց։ Այդ դեպքում գույքահարկի գծով համասեփականատերերը կրում են համապարտ պատասխանատվություն, այսինքն՝ գույքահարկը կարող է վճարվել ինչպես բոլորի, այնպես էլ մեկի կողմից։ Եթե հարկվող օբյեկտը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի անձանց, ապա յուրաքանչյուրը կրում է այն վճարելու պատասխանատվությունն իր բաժնի չափով։

Ե՞րբ է ծագում և դադարում գույքահարկի վճարման պարտավորությունը։

Գույքահարկի վճարման պարտավորությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց մոտ առաջանում է գույքը սեփականության իրավունքով ձեռք բերելու արդյունքում։ Պարտավորության առաջացման պահ է համարվում սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1ը։ Նույն սկզբունքն էլ գործում է գույքահարկի վճարման պարտավորության դադարման դեպքում՝ պարտավորությունը դադարում է սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Եթե ֆիզիկական անձը օտարում է գույքը, օրինակ՝ վաճառում է այն, ապա նոր սեփականատիրոջն են անցնում կատարված գործարքի օրվա դրությամբ չմարված գույքահարկի վճարման պարտավորությունները։ Այն դեպքում, երբ մահացել է գույքի սեփականատերը նրա իրավահաջորդին /ժառանգներին/ է փոխանցվում անձի մահվան օրվանից մինչև սեփականության (ժառանգության) ձևակերպման ամիսը ներառյալ տվյալ գույքի համար հաշվարկված վճարման պարտավորությունները։ Սեփականության իրավունք կարող է ծագել նաև դատավճռի կամ այլ իրավական ակտի հիման վրա։ Այդ դեպքում գույքահարկը հաշվարկվում և վճարվում է այն օրվանից, երբ գույքը հանձնվել է անձի փաստացի տիրապետմանը։

Ե՞րբ են վճարում գույքահարկը։

Ֆիզիկական անձինք պետք է վճարեն գույքահարկը մինչև հաշվետու տարվա/ հունվարի 1-ից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի/դեկտեմբերի 1-ը ։

Կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարը վճարում են յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: (Հաշվետու կիսամյակը որևէ տարվա հունվար կամ հուլիս ամիսների 1-ից մինչև տվյալ տարվա համապատասխանաբար հունիս կամ դեկտեմբեր ամիսների վերջին օրը ներառյալ ժամանակահատվածն է:)

Որքա՞ն է գույքային պարտավորությունների վաղեմության ժամկետը։

Գույքի հետ կապված հարկային պարտավորությունների վաղեմության ժամկետը 10 տարի է։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող տասներորդ հարկային տարին լրանալուց հետո։

Գնալ հետ