Պրոֆիլակտիկա (հուն. Πρόφύλακτικός՝ prophylaktikos նախապահպանական, նախազգուշացված) տերմինը հայերեն այլ կերպ անվանում են ախտականխություն կամ կանխարգելում (հիվանդության առաջն առնելը):
Այն իրենից ներկայացնում է «այն միջոցառումների ամբողջությունը, որոնք ուղղված են առողջության պահպանմանը, մարդու հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելմանը, բնակչության ֆիզիկական զարգացման բարելավմանը, աշխատունակության պահպանմանը և երկարակեցության ապահովմանը, ինչպես նաև տարբեր սարքերի վիճակի բարելավմանը»:
Այս հասկացությունը օգտագործում են հասարակական կյանքի տարատեսակ ոլորտներում, սակայն հայտնի է, որ հիմնականում այն առաջնահերթ կիրառվում է բժշկության, ապա նաև սանիտարական-տեխնիկական, սոցիալ-տնտեսական ոլորտներում:
Դեռևս հին աշխարհում արդեն կար պատկերացում պրոֆիլակտիկա հասկացության մասին հետևյալ իմաստով. անձնական հիգիենայի և ճիշտ սննդակարգի պահպանում հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն գիտականորեն հասկացությունը հստակ ու վերջնական ձևավորում և տարածում ստացավ արդեն 19-րդ դարում: Ժամանակաշրջանի առաջադեմ բժիշկները համարում էին, որ բժշկության ապագան պրոֆիլակտիկայի զարգացման և բուժող ու կանխարգելող բժշկության սերտ փոխգործակցության մեջ է: Հանրահայտ վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովն ասում էր. «Ապագան կանխարգելող բժշկությանն է»:
Իրավաբանական պրոֆիլակտիկա հասկացությունը գլխավորապես հասկացվում է հետևյալ իմաստով՝ պետության կողմից տարատեսակ մեխանիզմների՝ օրենսդրական միջոցառումների, նյութական զգալի ներդրումների և պետական, մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների ու կազմակերպությունների համատեղ գործունեության կիրառում երկրում հասարակական կարգի,օրենքների պահպանման /հանցավորության դեպ պայքարի, իրավախախտումների նվազեցման.../ համար։ Սա իրենից ներկայանցում է այսպես կոչված հասարակական պրոֆիլակտիկան:
Իրավական պրոֆիլակտիկա հասկացությունը գործնականում ունի նաև իր երկրորդ տարատեսակը՝ անհատական պրոֆիլակտիկա: Այսինքն՝ քայլեր, որոք ձեռնարկում է ինքը՝ անհատը, իրավական դաշտում «հիվանդություններից» խուսափելու համար: Եթե նախորդ գլխում /բժշկության ոլորտում/ այդ քայլերը իրենցից ենթադրում էին ճիշտ սննդակարգի, հիգիենայի պահպանում, բժշկի հետ նախնական խորհրդակցության իրականացում, ապա իրավական դաշտում անհատական պրոֆիլակտիկան ենթադրում է՝
- Սեփական իրավունքների ճանաչում
- Պարտականությունների անշեղ, հստակ կատարում
- Երկրի Սահմանադրության, օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի իմացություն
- Ոլորտի մասնագետների՝ իրավաբանների հետ նախնական խորհրդակցություն մինչև խնդրի բարդացումները /կամ նույնիսկ՝ անլուծելի դառնալը/:
Այսպիսով՝ ինչպես բժշկության ոլորտում, այնպես էլ իրավական դաշտում, կարծում ենք, ապագան իրավաբանական պրոֆիլակտիկայինն է: Մոտ ժամանակներս կամրապնդվի հասարակական գիտակցություն այն հարցում, որ ավելի մատչելի ու արդունավետ է դիմել նախապես և ի սկզբանե չեզոքացնել իրավական խնդիրների առաջացման հնարավորությունը, քան թե սպասել, աչքաթող անել և հետագայում կանգնել դժվարին մի իրավիճակի առաջ: