Ի՞նչ է իրենից ենթադրում անմեղության կանխավարկածը

Այս հոդվածի նպատակն է իրազեկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքային նշանակություն ունեցող դրույթի մասին. անմեղության կանխավարկածը:

Օրենքն ամրագրում է, որ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այսինքն՝ այն պարագայում, երբ անձն ուղղակի ձերբակալվել է, կալանավորվել, քրեական գործը դեռևս քննության մեջ է և չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, անձը չի համարվում հանցանք կատարած /այլ կերպ ասած՝ հանցագործ/, նա համարվում է անմեղ:

Միևնույն սկզբունքի տրամաբանությունից է բխում նաև այն, որ կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրա անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել պաշտպանության կողմի, այսինքն՝ իր վրա: Մեղադրանքի ապացուցման և ի պաշտպանություն կասկածյալին կամ մեղադրյալին բերված փաստարկների հերքման պարտականությունը ամբողջությամբ կրում է մեղադրանքի կողմը:

Բացի այդ՝ օրենքն ամրագրում է, որ հանցանք կատարելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա. այն պետք է հաստատվի գործին վերաբերող, փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:

Ոլորտին առնչվող հարցեր կամ քրեական դատավարության ընթացքում ներկայացուցչության կարիք ունենալու դեպքում կարող եք դիմել Անձնական իրավաբան ծառայության՝ քրեական գործերով փաստաբաններին:

Գնալ հետ