Ի՞նչ իրավունքներ ունի Ֆինանսական կազմակերպությունը Ձեր կողմից գրավադրված գույքի նկատմամբ

Ֆինանսական կազմակերպությունը (գրավառու) իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`

1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ

2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:

Այս դեպքում պետք է վստահ լինել, որ՝

1) գրավատուն պատշաճ ծանուցվել է գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում, որը պետք է կատարվի բռնագանձում տարածելուց երկու ամիս առաջ),

2) գրավատուն արտադատական կարգով բռնագանձման օրինականությունը դատական կարգով վիճարկելու հնարավորություն է ունեցել,

3) գրավառուի կողմից գրավի առարկան իրացվել է տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

Պարտապանը կամ երրորդ անձ հանդիսացող գրավատուն իրավունք ունի մինչև գրավի առարկան վաճառելը ցանկացած ժամանակ դադարեցնել դրա վրա բռնագանձումը և դրա իրացումը` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է:

Գնալ հետ