Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Պարտքով գումար․ փոխառություն թե վաշխառություն

Մեզ հաճախ են դիմում պարտքով գումար տալու/վերցնելու իրավական կարգավորումներին առնչվող հարցերով։ Հարցերը հիմնականում վերաբերում են սահմանված տոկոսի չափի օրինականությանը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ փոխատուն /պարտքով գումար տվող անձը/ իրավունք ունի տոկոսներ ստանալ փոխառուից /պարտքով գումար վերցնող անձից/, եթե կողմերը այլ բան չեն նախատեսել փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում պետք է հստակ նշվեն տոկոսների չափը և դրանք հաշվարկելու կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող տարեկան 24 տոկոսից ավելի լինել /ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի՝ 12 տոկոսի, կրկնապատիկից/:

Սակայն տոկոսները շատ հաճախ են գերազանցում այդ շեմը: Ի՞նչ է նախատեսում օրենքն այդ դեպքում:

Քրեական օրենսգիրքը սահմանում է վաշխառության հանցակազմը /այն ենթադրում է պարտք տրված դրամի համար օրենքով սահմանվածից ավելի չափով տոկոսներ ստանալը, կամ անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը , որից օգտվել է մյուս կողմը/: Վաշխառությունը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ:
Այսինքն՝ օրենքով նախատեսվածից ավելի տոկոսներ սահմանելը համարվում է քրեորեն պատժելի արարք՝ հանցագործություն:

2. Դրան զուգահեռ, քաղաքացիական օրենսգիրքն ամրագրում է, որ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է: Սա հենց նկարագրված դեպքին է վերաբերում: Իսկ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների: Գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը:

Շարադրվածից բխում է, որ այն պարագայում, երբ փոխառության պայմանագրով սահամնված տոկոսը տարեկան 24-ից ավելի է, փոխառուն կարող է հաղորդում ներկայացնել ոստիկանություն, դրան զուգահեռ քաղաքացիական դատավարության կարգով անվավեր ճանաչել պայմանագրի այն դրույթները, որոնք հակասում են օրենքին /տոկոսների մասը/:

Սակայն յուրաքանչյուր դեպքում ձեռնարկվելիք քայլերը, դրանց հաջորդականությունը յուրահատուկ է: Լավ է նախապես խորհրդակցել ոլորտի մասնագետ փաստաբանների հետ՝ գործընթացն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու համար:

Գնալ հետ