Ի՞նչ անել, եթե տուժել եք ոչ պատշաճ բուժօգնությունից

Մեր օրերում հաճախ է հանդիպում, երբ մարդիկ տուժում են ոչ պատշաճ բուժօգնությունից: Շատ հաճախ այդպիսի բժշկական օգնությունը թողնում է նաև իր հետևանքները, մասնավորապես՝ մարդու առողջությանը պատճառվում է տարբեր աստիճանների վնաս:

Ցավոք, շատերը չգիտեն, որ այդպիսի դեպքերում հնարավոր է պաշտպանել խախտված իրավունքները նաև ոստիկանություն հաղորդում ներկայացնելու միջոցով: Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու կամ մահ առաջացնելու համար:

Այսպես, օրինակ, առողջությանը պատճառված ծանր կամ միջին ծանրության վնասի համար կարող է կիրառվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, իսկ մահվան դեպքում՝ ազատազրկում երկուսից վեց տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Առռողջությանը պատճառված վնասը որոշելու համար անհրաժեշտ է հաղորդում ներկայացնել ոստիկանություն և հարուցված քրեական գործի շրջանակներում անցնել դատաբժշկական համալիր փորձաքննություն:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ քրեական գործով տուժողի կարգավիճակ ստանալուց հետո կարող եք դիմել պատճառված դրամական վնասի հատուցման պահանջով նաև քաղաքացիաիրավական դատարան:

Եղե՛ք իրազեկ:

Գնալ հետ