Աշխատավարձի, թոշակների, նպաստների և վնասի հատուցման վճարների չմուծված գումարների ժառանգությունը

Եթե հանդիսանում եք այն անձի ժառանգ, ով ունի չվճարված թոշակ, աշխատավարձ, նպաստ կամ վնասի հատուցում, ապա կարո՞ղ եք ստանալ դա և ինչպե՞ս:

Ներկայացված հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1249-րդ հոդվածով, այն է՝ աշխատավարձի, թոշակների, նպաստների և վնասի հատուցման վճարների չմուծված գումարների ժառանգությունը:

Օրենքը սահմանում է, որ նշված գումարների ստացման իրավունքը պատկանում է մահացածի ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձանց:

Վճարման ենթակա, սակայն քաղաքացու կյանքի օրոք որևէ պատճառով չվճարված աշխատավարձի, թոշակների, նպաստների և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարները ստանալու համար պահանջները պետք է ներկայացվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Գումարները ստանալու իրավունք ունեցող անձանց բացակայության կամ նրանց կողմից այդ գումարները սահմանված ժամկետում վճարելու պահանջ չներկայացնելու դեպքում համապատասխան գումարները ներառվում են ժառանգության զանգվածի մեջ և ժառանգվում են ընդհանուր հիմունքներով:

Այն դեպքում, երբ առկա է կտակ, ապա կտակում նշված անձը նշված գումարները ստանալու իրավունք է ձեռք բերում ժառանգությունը բացվելուն հաջորդող վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, այն պայմանով, որ ժառանգության բացմանը հաջորդող վեցամսյա ժամկետում ժառանգատուի ընտանիքի անդամները կամ նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձինք դրանք ստանալու պահանջ ներկայացրած չլինեն:

Գնալ հետ