Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի նախագիծ

Օրեր առաջ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին իրենց մասնակցությունն ունենալ ճանապարհատրանսպորտային իրավախախտումների հայտնաբերման և դրանց նվազեցման գործում։

Այսպես, եթե դուք մշտապես բնակվում եք Հայաստանի Հանրապետությունում և ունեք հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, ապա Ձեր կողմից տեխնիկական միջոցներով ամրագրված իրավախախտումներով վարչական մարմինը կարող է վարչական վարույթ իրականացնել։ Այդ նպատակով ստեղծվելու է բջջային հավելված, որը թույլ կտա նույնականացնել այն անձին, ով ամրագրել է իրավախախտումը, իրավախախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը։ Հավելվածի միջոցով հասանելի են լինելու նաև իրավախախտման կատարման վայրն ու ժամանակը։ Այս տեղեկություները վարչական մարմնին են փոխանցվելու էլեկտրոնային եղանակով։

Ձեր կողմից ներկայացված տվալների հիման վրա վարչական վարույթ հարուցվելու դեպքում Դուք կտեղեկացվեք նաև արդյունքների մասին։ Մասնավորապես՝ Դուք կստանաք էլեկտրոնային հաղորդագրություն վարչական ակտ ընդունելու համար նախատեսված ժամկետները լրանալուց հետո մեկօրյա ժամկետում։

Ի դեպ, պետք չէ անհանգստանալ անձնական տվյալների պաշտպանության մասին։ Ձեր տվյալները չեն կարող փոխանցվել իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթակա անձին, նրա ներկայացուցչին և երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք գրավոր տվել եք Ձեր համաձայնությունը կամ դա նախատեսված է օրենքով: Նշենք նաև, որ վարչական իրավախախտման մասին հայտնած անձանց համար վարձատրություն չի նախատեսվում։

Այս կարգավորումները կսկսեն գործել պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս անց:

Եղե՛ք իրազեկ։

Գնալ հետ