Ծնողական իրավունքներից զրկելը

Ծնողների կողմից իրականացվող այն վարքագիծը, որը վտանգի տակ է դնում երեխայի առողջ ու բնականոն զարգացումը և դրսևորվում է ի վնաս երեխայի շահերի, օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում պատժելի է:

Մասնավորապես, ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝

ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց

բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից

գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա

դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը

ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ

զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն։

Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատարանի կողմից համապատասխան դիմումի հիման վրա: Դիմում ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնց վրա դրված են երեխաների իրավունքների պաշտպանության պարտականությունները, մասնավորապես՝

  1. ծնողներից մեկը (օրինական ներկայացուցիչը),
  2. խնամակալության և հոգաբարձության մարմինները,
  3. որբ երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար նախատեսված կազմակերպությունները և այլն:

Եթե դատարանը ծնողական իրավունքներից զրկելու գործը քննելիս ծնողների կամ նրանցից մեկի գործողություններում հայտնաբերում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, ապա այդ մասին պարտավոր է տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին:

Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ ծնողական իրավունքներից նրանք զրկվել են: Օրինակ՝ նրանցից ապրուստի միջոց ստանալու իրավունքը, երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքները և այլն։

Պարտադիր է իմանալ, որ ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում իրենց երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից։

Ինչ վերաբերվում է երեխայի և ծնողական իրավունքներից զրկված ծնողների կամ նրանցից մեկի հետագայում համատեղ ապրելու մասին խնդրին, այն լուծվում է դատական կարգով։

Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում՝ բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաև ծնողների և այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները (ընդ որում՝ ժառանգություն ստանալու իրավունքը):

Երեխան հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքին, եթե անհնարին է երեխային հանձնել մյուս ծնողին կամ երկու ծնողներն էլ ծնողական իրավունքներից զրկվել են:

Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխային որդեգրել թույլատրվում է ոչ շուտ, քան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո։

Գնալ հետ