Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Անտառահատումներն իրավաբանի աչքերով

Անտառահատումներ. քչերը գիտեն ոլորտում խախտումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության մասին։ Առհասարակ, կարծում ենք, որ կարիք կա առավել իրազեկ դարձնելու մարդկանց էկոլոգիական իրավունքին առնչվող դրույթների, կարգավորումների հետ: Այժմ խոսենք ապօրինի անտառահատումների համար պատասխանատվություն սահմանող դրույթների մասին:

Այսպես, անտառահատման ֆոնդի օգտագործման, բնափայտի մթերման, դուրսբերման ու հեշի մթերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 100.000 դրամի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 200.000 դրամի չափով:

Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար ևս սահմանված է վարչական պատասխանատվություն։ Այս դեպքում քաղաքացիները կտուգանվեն 50․000-100․000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 100․000-150․000 դրամի չափով։

Պատասխանատվություն սահմանում է նաև ՀՀ Քրեական օրենսգիրքը: Մասնավորապես առանձին հանցակազմ է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը. անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել` պատժվում են տուգանքով՝ 500.000-700.000 դրամի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Իսկ նույն արարքները, որոնք կատարվել են`

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) բնության հատուկ պահպանվող տարածքներում,

3) խոշոր վնաս պատճառելով,

4) ՀՀ Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների կամ բուսածածկի նկատմամբ`

պատժվում են տուգանքով` 600.000-1000.000 դրամի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նույն արարքները, որոնք առաջացրել են առանձնապես խոշոր վնաս պատժվում են կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Իսկ զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկը չգերազանցող գումարը, խոշոր վնաս է համարվում չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկը չգերազանցող գումարը, առանձնապես խոշոր վնաս է համարվում յոթհարյուրապատիկը գերազանցող գումարը:

Գնալ հետ