Ինչպե՞ս հաշվարկել պարտավորությունների կատարման ժամկետները

Շատ հաճախ քաղաքացիները չեն կարողանում ճիշտ հաշվարկել պարտավորությունների կատարման ժամկետները, որի արդյունքում բախվում են մի շարք անհարկի խնդիրների:

Դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ, որ ժամանակահատվածով որոշվող ժամկետը սկսվում է այն օրացույցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

Այսպես, տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:

Տարվա եռամսյակներով հաշվարկվող ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետի կանոնները: Ընդ որում, եռամսյակը համարվում է երեք ամսին հավասար, իսկ եռամսյակների հաշվարկը կատարվում է տարվա սկզբից:

Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:

Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

Կես ամսով որոշվող ժամկետը դիտվում է որպես օրերով հաշվարկվող ժամկետ և համարվում է հավասար տասնհինգ օրվա:

Շաբաթներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:

Առօրյայում շատերը սրանով պայմանավորված բախվում են նաև մեկ այլ խնդրի հետ, երբ պարտավորության կատարման օրը ոչ աշխատանքային օր է, օրինակ. ի՞նչ անել, երբ վարկի վճարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ: Խուճապի մի՛ մատնվեք, եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

Պետք է իմանալ նաև, որ եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը,սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ սահմանված կանոններով այդ կազմակերպությունում դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

Եթե, օրինակ, մինչև աշխատանքային ժամի ավարտը չեք հասցրել կատարել վճարում կամ փոստային ծանուցում, այս դեպքում ևս պետք չէ խուճապի մատնվել, քանի որ կապի կազմակերպությանը մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը տրված գրավոր դիմումները և ծանուցումները համարվում են ժամկետին տրված, իսկ վճարումները կատարված:

Եղե՛ք իրազեկ:

Գնալ հետ