Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ

Գաղտնիք չէ, որ աշխատանքային իրավահարաբերությունները վեճեր առաջացնող և նորմերի տարատեսակ մեկնաբանման առիթ հանդիսացող իրավունքի ոլորտներից մեկն է։Այս անգամ մենք կցանկանայինք անդրադառնալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածին, մասնավորապես այդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներին: Սակայն, սկզբից չմոռանանք հիշատակել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով ամրագրված սկզբունքներից մեկը՝ այն է, որ նորմը մեկնաբանվում է հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից։

Եվ այսպես, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի․

«Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում։»։

Ըստ նշված իրավակարգավորման․

1․ Որպեսզի տեղի ունենա աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատում, գործատուի մոտ իրոք պետք է տեղի ունենա աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխություն, այլ ոչ թե ինչ-որ հնարածին հիմքերի ստեղծում, ինչպիսիք են, օրինակ՝ աշխատողի կողմից իր աշխատանքը ոչ արդյունավետ իրականացնելը կամ գործատուի կողմից աշխատողի կարիք չունենալը, քանզի այդ պարագայում օրենքը նախատեսում աշխատողի աշխատանքից ազատման այլ հիմքեր,

2․ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխության արդյունքում չի կարող աշխատանքից ազատվել ընդամենը մեկ աշխատող, քանի որ օրենքում հստակ օգտագործվում է «աշխատողներ» սահմանումը։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն․

«Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից»։

Նշված նորմի վերլուծության արդյունքում կարելի է գալ այն եզրակացության, որ․

1․ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել աշխատողի հետ միայն այն պարագայում, եթե գործատուն, ունենալով այլ ազատ հաստիքներ կամ արտահաստիքային աշխատանք, առաջարկել է այն կրճատման ենթակա աշխատողին,

2․ օրենքով սահմանված չէ, որ գործատուն թեև ունենալովաշխատողի մասնագիտական պատրաստվածությանը կամ որակավորմանը համապատասխան աշխատանք, սակայն ավելի ցածր վարձատրվող, չի կարող այն նրան առաջարկել,

3․ օրենքը չի նախատեսում, որ արտահաստիքային աշխատողին թափուր հաստիքի առկայության դեպքում չի կարող առաջարկվել նման աշխատանք, քանի որ այն իբր նախատեսված է միայն հաստիքով աշխատանք իրականացնող աշխատողների համար և հակառակը,

4․ վերջապես օրենքը չի արգելում գործատուին, որն ունի հստակ նախատեսված վարչակազմակերպական կառուցվածք, գործի ընդունել կամ ունենալ արտահաստիքային աշխատողներ։

Գնալ հետ