Բանակում չծառայած քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման կարգը

1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիները, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, իրավունք ունեն իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու՝ վճարելով օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց նվազագույն ամսական աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար։

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին անձամբ կամ լիազորած անձի միջոցով կարող է դիմում ներկայացնել այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է: Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով: Գրանցվելուց հետո այն փոխանցվում է համապատասխան մարմիններին, դրվում է քննարկման և 1 ամսվա ընթացքում քաղաքացուն տրվում է պատասխան։ Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են, և քաղաքացուն պատասխանը տրվում է 2 ամսից ոչ ուշ։

Դիմումների վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ ՀՀ պաշտպանության նախարարն ընդունում է հրաման՝ քաղաքացու կողմից վճարվող գումարի չափի մասին: ՀՀ նախարարի հրամանի հիման վրա հանձնաժողովի կողմից դիմումատուին 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմումի պատասխան, որում նշվում են վճարվող գումարի չափը և վճարման հաշվի համարը: Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դա բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:

Oրենքով սահմանված վճարը մուծելուց հետո` 1 ամսվա ընթացքում, դիմումատուին տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Գնալ հետ