Երեխաների ալիմենտի վճարման հարցի կարգավորումը արտադատական եղանակով

Վեճերի դատական լուծման եղանակը շատ հաճախ կապված է ժամանակի և ֆինանսական կորուստների հետ: Դրանցից խուսափելու համար առաջարկում ենք առավել հաճախ դատական վեճերի առիթ հանդիսացող հարցերից մեկի արտադատական կարգավորման եղանակ, մասնվորապես՝ երեխաների խնամքի ալիմենտի հարցին:

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման:

Ալիմենտ վճարելու վերաբերյալ (ալիմենտի չափի, վճարման պայմանների ու կարգի մասին) համաձայնությունը կնքվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի և խնամակալի (ալիմենտ ստացողի) միջև, իսկ ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող անձի և (կամ) ալիմենտ ստացողի անգործունակ լինելու դեպքում՝ այդ անձանց օրինական ներկայացուցիչների միջև։ Սահմանափակ գործունակ անձինք ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն են կնքում իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ։

Ալիմենտը կարող է վճարվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակի և (կամ) այլ եկամտի նկատմամբ բաժնային չափով, պարբերաբար վճարվող կայուն դրամական գումարով, միանվագ վճարվող կայուն դրամական գումարով, գույք տրամադրելու միջոցով, ինչպես նաև այլ ձևերով, որոնց համար համաձայնություն է կայացվել։

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը ցանկացած ժամանակ կարող է փոփոխվել կամ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ և այն ևս պետք է լինի գրավոր ու նոտարական վավերացմամբ հաստատված:

Ցանկացած դեպքում, եթե կողմերից մեկը այդպիսի փոփոխության հետ համաձայն չէ կարող է այն վիճարկել դատական կարգով:

Եղե՛ք իրազեկ:

Գնալ հետ