Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը առանձին հանցակազմ է նախատեսում մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաև հոգեճնշող կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանության համար։ Ծննդաբերությունից հետո կնոջ առանձնահատուկ հոգեկան վիճակն օրենսդիրը դիտում է որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, ինչն էլ դրսևորվում է տվյալ հանցագործության համար նախատեսված պատժում՝ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։ Այնինչ հասարակ սպանության դեպքում նախատեսված է ազատազրկում 8-15 տարի ժամկետով։

Հոդվածի վերլուծությունից հետևում է, որ նախատեսված են մոր կողմից նորածին երեխայի սպանության հետևալ երեք տեսակները՝

1) ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո,

2) հոգեճնշող վիճակում,

3) մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում։

Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե երբ է երեխան համարվում նորածին։ Գոյություն ունեն դրա սահմանման տարբեր չափանիշներ, սակայն տվյալ հանցագործության դեպքում կիրառվում են դատաբժշկական և մանկաբուժական չափանիշները։ Այսպես, առաջին դեպքում կիրառվում է դատաբժշկական չափանիշը, ըստ որի՝ երեխան նորածին է համարվում ծննդյան պահից մեկ օրվա ընթացքում։ Այսինքն, եթե մոր կողմից երեխայի սպանությունը կատարվի, օրինակ, երեխայի կյանքի հինգերորդ օրը, արարքը կհամարվի հասարակ սպանություն։ Երկրորդ և երրորդ դեպքերում կիրառվում է մանկաբուժական չափանիշը, համաձայն որի՝ երեխան նորածին է համարվում ծննդյան պահից մինչև կյանքի մեկ ամիսը լրանալը։ Այս դեպքում էլ մեկ ամսականից մեծ երեխայի սպանությունը չի կարող համարվել մոր կողմից նորածին երեխայի սպանություն, և անձը կարող է ազատազրկվել 8-15 տարով։

Նշենք նաև, որ եթե երեխայի սպանությունը կատարվել է նախապես ծրագրավորված դիտավորությամբ կամ այլ իրավիճակում, որը կնոջ առանձնահատուկ հոգեվիճակի հետևանք չի եղել, արարքը չի կարող համարվել մոր կողմից նորածին երեխայի սպանություն։

Եղե՛ք իրազեկ։

Գնալ հետ