Երեխայի առևանգում

Դեպքեր են լինում, երբ ամուսնալուծված ծնողներն ապրում են առանձին և մի ծնողն առանց մյուսի համաձայնության և նույնիսկ տեղյակ պահելու որոշել է երեխայի հետ դուրս գալ Հայաստանի տարածքից և, օրինակ, բնակվել այլ երկրում:

Նախ և առաջ, եթե կա մտավախություն, որ երեխան կարող է դուրս բերվել ՀՀ տարածքից առանց մյուս ծնողի համաձայնության, ապա վերջինս պետք է դիմի ՀՀ ոստիկանություն՝ երեխայի անձնագրի տրամադրումը արգելելու պահանջով:

Եթե սակայն ծնողներից մեկն արդեն իսկ հասցրել է երեխայի հետ մեկնել ՀՀ տարածքից, և տեղի է ունեցել մյուս ծնողի խնամակալության իրավունքների խախտում, ապա փաստացի տեղի է ունեցել երեխայի առևնագում:

Կարևոր է հիշել, որ օրենքի (համապատասխան միջազգային Կոնվենցիայի համաձայն) իմաստով երեխա է համարվում միայն 16-ամյա տարիքը չլրացած անձը:

Եթե այդ դեպքը կարող է դիտարկվել որպես առևանգում, ապա այդ պարագայում տուժած ծնողը 1 տարվա ընթացքում, սկսած առևանգման կամ պահելու պահից, պետք է դիմի Հայաստանի Հանրապետությունում Կենտրոնական մարմնի գործառույթներն իրականացնող ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով երեխային մշտական բնակության վայր վերադարձնելու պահանջ:

Երեխայի առևանգման մասին դիմումի մեջ պետք է նշել երեխայի ծննդյան տարեթիվը, դիմող և առևանգող անձանց վերաբերյալ տեղեկությունները, երեխային վերադարձնելու հիմնավորված պահանջը, ինչպես նաև երեխայի մոտավորապես գտնվելու վայրը:

Դրանից հետո Կենտրոնական մարմինը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր գործողություններն առևանգողի հետ կապ հաստատելու և բանակցություններ վարելու համար: Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել հարցը լուծել երեխայի գտնվելու վայրի պետության դատարանի միջոցով, որտեղ Ձեր իրավունքները նույնպես կներկայացվեն երեխայի գտնվելու վայրի Կենտրոնական մարմնի կողմից:

Սակայն, կարևոր է նշել, որ այդ ամբողջ գործընթացը ունի բազմաթիվ նրբություններ և Ձեր օրինական շահերը վերականգնելու համար անհրաժեշտ է դիմել տվյալ ոլորտում փորձ ունեցող և բանիմաց իրավաբաններին:

Գնալ հետ