Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

3 սխալ, որ թույլ են տալիս վարորդները ապահովագրական պատահարի դեպքում

1. Ապահովագրական պատահարի մասին ժամանակին չհայտնելը

ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձը ապահովագրական պատահարի դեպքում պարտավոր է այդ մասին հայտնել ապահովագրական ընկերությանը /պատահարից հետո 40 րոպեի ընթացքում/:

Իհարկե կան բացառություններ այն դեպքերի համար, երբ նա

  • տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի մասին,
  • կամ պատահարի հետևանքով հայտնվել է անգիտակից վիճակում,
  • կամ այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր ապահովագրական ընկերությանը սահմանված ժամկետում և կարգով պատահարի մասին տեղեկացնել:

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ժամանակին չտեղեկացնելու դեպքում: Այսպես, օրենքը նախատեսում է, որ ապահովագրական ընկերությունը հատուցում տրամադրելուց հետո հետադարձ պահանջի իրավունք ունի՝ վնաս պատճառած անձի նկատմամբ, եթե սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել պատահարի մասին:

Այժմ պատկերացնենք մի իրավիճակ, որ պատահարի պատճառով լավ չեք զգացել, եղել եք հուզական լարված վիճակում և ժամանակին չեք զանգահարել ընկերությանը: Օրենքի համաձայն՝ դուք պետք է ապացուցեք պատահարի մասին տեղեկացնելու անհնարինությունը: Եվ պրակտիկան ցույց է տալիս, որ անհնարինություն հասկացությունը շատ խիստ պայմաններ է ենթադրում. պատահարի մասին ուշ տեղեկացնելը հարգելի է ճանաչվում միայն ծայրահեղ դեպքերում, երբ օրինակ առկա են մարմնական ծանր վնասվածքներ:

Այսպիսով, օրենսդրական կարգավորման պրակտիկ մեկնաբանությունները հաճախ ոչ արդարացի և չափազանց խիստ են: Խնդիրներից խուսափելու համար կամ պետք է, չնայած հուզական ու լարված վիճակին, զանգահարել ճիշտ ժամանակին, կամ պատրաստ լինել երկար վեճերի ու բարդացումների:


2. Ապահովագրական հատուցում ստանալու համար դիմելու ընթացակարգի չիմացություն

Ըստ օրենքի՝ ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի պատահարի օրվանից հետո` եռամսյա ժամկետում, դիմելու վնաս պատճառած անձի պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում / դիմումը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված/ և Բյուրոյի կանոններով նախատեսված փաստաթղթերը:

Կրկին նախատեսված են նախորդ իրավիճակում թվարկված պայմանները, որպես բացառություն կազմող հիմքեր /անգիտաից վիճակ, անտեղյակություն և այլն/: Այս դեպքում եռամսյա ժամկետը սկսում է գործել անհնարին դարձնող հանգամանքների վերացման կամ ապահովագրական պատահարի մասին տեղեկանալու օրվանից սկսած: Եվ կրկին տուժողը կամ նրա իրավահաջորդը կրում են հատուցում ստանալու համար սահմանված ժամկետում դիմելու անհնարինության կամ տեղյակ չլինելու ապացուցման պարտականությունը:

Այժմ խոսենք ժամկետները բաց թողնելու դեպքում առաջացող բացասական հետևանքներից. դիմումները, փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կետանցած անձը զրկվում է ներկայացնելու արդյունքում առաջացող իրավունքից և կրում է չտեղեկացման համար սահմանված բացասական հետևանքները: Հետևաբար՝ այս իրավիճակում ևս պետք է հստակ պահպանել ժամկետներըն ու կարգը:

3. Փորձաքննության արդյունքների ոչ ժամանակին բողոքարկում, կամ ընդհանրապես չբողոքարկում

Ապահովագրական ընկերությունը դիմումը ստանալուց հետո պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին և ծանուցել արդյունքների մասին բոլոր կողմերին: Ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու և կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում ընկերությունն ընդունում է որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին:

Կարևոր է իմանալ, որ փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունեք փոխադարձ համաձայնությամբ հասնելու լրացուցիչ փորձաքննության անցկացմանը: Լրացուցիչ փորձաքննությունն անցկացվում է ապահովագրական ընկերության (Բյուրոյի) միջոցների հաշվին: Ավարտից հետո կրկնակի փորձաքննության պահանջ չներկայացվելու դեպքում ընդունվում է որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին:

Եթե համաձայն չեք անցկացված փորձաքննության արդյունքներին, ապա ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունեք պահանջելու կրկնակի փորձաքննության անցկացում: Կրկնակի փորձաքննությունն անցկացվում է այն անցկացնելու պահանջ ներկայացրած անձի միջոցների հաշվին: Իսկ արդեն կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով:

ԱՊՊԱ-ի հետ առաջացած խնդիրները հարթելու համար խելամիտ տարբերակ է փաստաբանական ծառայություններից օգտնվելը: Այս պարագայում նեղ մասնագիտացված իրավաբանը ներկայացնում է Ձեր շահերը ապահովագրող կազմակերպությունների, ապահովագրական բյուրոյի առջև, ինչպես նաև դատական և վեճը քննող այլ մարմիններում:

Գնալ հետ