Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Ե՞րբ է պետք դիմել դատարան. հայցային վաղեմության ժամկետներ

Այս հոդվածի նպատակն է իրազեկել քաղաքացիներին այս կարևորագույն կարգավորումների մասին: Հաճախ են լինում դեպքեր, երբ անձի իրավունքները փաստացի ակնհայտորեն խախտվել են, սակայն փաստաբանը նրան խորհուրդ չի տալիս այլևս դիմել դատարան, քանի որ անցած են լինում հայցային վաղեմության ժամկետները:

Այսպես. հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը սահմանված է երեք տարի: Պահանջների որոշ առանձին տեսակների համար օրենքով կարող են սահմանվել ավելի կարճ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ: Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Հայցային վաղեմության կարգավորումները բացառապես օրենքով են սահմանվում, կողմերը դրանք թեկուզ փոխադարձ համաձայնության դեպքում փոփոխել չեն կարող: Այսպիսով՝ պետք է լավ իմանալ այս «խաղի կանոնները»:

Հիմա պատկերացնենք մի իրավիճակ, երբ արդեն իսկ անցել է հայցային վաղեմության ժամկետը, սակայն դուք հայց եք ներկայացրել դատարան: Ի՞նչ է տեղի ունենալու: Դատարանը պարտավոր է քննության ընդունել Ձեր պահանջը հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միմիայն վիճող կողմի դիմումով: Դիմումը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:

Սա հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Այսինքն՝ եթե մյուս կողմը լռի այն մասին, որ սահմանված ժամկետներն անցել են, դատարանը սովորական կարգով պետք է քննի գործը: Սակայն եթե մյուս կողմը դիմի հայցային վաղեմության ժամկետի կիրառման համար, անկախ նրանից Ձեր հայցը հիմնավոր է թե ոչ, այն մերժվելու է:

Օրենքը սահմանում է նաև որոշ բացառիկ դեպքեր, երբ դատարանը, հայցվորի անձի հետ կապված հանգամանքները (օրինակ՝ ծանր հիվանդություն, անօգնական վիճակ, անգրագիտություն և այլն) հաշվի առնելով, հարգելի է ճանաչում հայցային վաղեմության ժամկետի բացթողումը: Այս դեպքում նրա խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության: Պետք է իմանալ, որ հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե դրանք տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից` վաղեմության ժամկետի ընթացքում:

Օրենքը նաև սահմանում է դեպքեր, որոնց վրա հայցային վաղեմությունը չի տարածվում.

1) անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների պաշտպանությանն ուղղված պահանջների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

2) ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա.

3) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա

4) սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ

5) սեփականատիրոջ` պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները, անվավեր ճանաչելու մասին պահանջների վրա:

Եղե՛ք իրազեկ և եթե ունեք դատարան դիմելու մտադրություն, ապա դիմե՛ք ժամանակին:

Գնալ հետ