Ստացիր անվճար խորհրդատվություն ^

Անձնական իրավաբան

Բարև Ձեզ,
թողեք Ձեր հարցը

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումը

Բազմիցս քննարկվում են պաշտոնատար անձանց՝ կաշառք վերցնելու և նմանատիպ գործողություններ իրականացնելու համար պատասխանատվության ենթարկելու հարցը։ Սակայն պաշտոնատար անձինք ենթարկվում են քրեական պատասխանատվության նաև մի շարք այլ գործողությունների կատարման համար, մասնավորապես՝ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքում։

Իսկ ովքե՞ր են համարվում պաշտոնատար անձ։ Համաձայն ՀՀ քրեական օրենսդրության, այդպիսիք են՝ իշխանական ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք կամ անձինք, ովքեր ՀՀ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, զինված ուժերում և այլն իրականացնում են կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, այսինքն՝ ղեկավարում են իրենց ենթակայության տակ գտնվող ծառայողների գործունեությունը, կամ այլ վարչատնտեսական գործառույթներ։

Պաշտոնեական դիրքի չարաշահումն արտահայտվումէ քրեական օրենսդրությամբ սահմանված որոշ հանցակազմերով, մասնավորապես այդպիսիք են համարվում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը և այլն։ Պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքում պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործում է ծառայության շահերին հակառակ կամ չի կատարում ծառայողական պարտականությունները։ Որպեսզի արարքը որակվի որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում, այն պետք է էական վնաս պատճառի անձանց, կազմակերպությանը, հասարակության կամ պետական շահերին և կատարված լինի անձնական կամ խմբային շահերից ելնելով՝ շահադիտական նպատակներով։ Այսինքն, եթե պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունները չկատարելը չի ունեցել շահադիտական նպատակ կամ վնաս չի պատճառել վերոգրյալ անձանց և մարմիններին, ապա բացակայում է տվյալ հանցակազմի տարրերը և քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը։

Եթե պաշտոնատար անձը դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, էական վնաս են հասցրել անձանց, կազմակերպություններին, հասարակությանը կամ պետական մարմիններին, ապա տվյալ արարքը կորակվի որպես պաշտոնեական լիազորություններն անցնել, և անձը կենթարկվի քրեական պատասխանատվության։ Տվյալ դեպքում նույնպես արարքը տվյալ հանցակազմով որակելու համար անհրաժեշտ է, որ դրա արդյունքում պատճառվի վնաս վերոնշյալ անձանց և մարմիններին։

Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ անձինք պատասխանատվության են ենթարկվում և՛ պաշտոնեական գործունեության իրականացման ընթացքում, և՛ դրանից հետո։ Արարքի կատարման պահից սկսած սահմանված է որոշակի ժամկետ, որից հետո անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Քանի որ վերոնշյալ արարքները համարվում են միջին ծանրության հանցագործություններ, ապա պատասխանատվության ենթարկելու համար գործում է 5 տարի վաղեմության ժամկետ։

Գնալ հետ